Կենսաքիմիայի եւ մոլեկուլային կենսաբանության լաբորատորիան նախատեսված է կենդանի հյուսվածքներից եւ բջջային կուլտուրաներից լիզատների պատրաստման, էլեկտրոֆորեզի եղանակով սպիտակուցների եւ նուկլեինաթթուների բաժանման, Վեստերն Բլոտի եւ ELISA եղանակներով սպիտակուցների եւ պեպտիդների կիսաքանակական եւ քանակական որոշման համար: Լաբորատորիան հագեցված է նաեւ գենետիկական նյութի qPCR, RT-PCR գերզգայուն մեթոդներով հետազոտման համար անհրաժեշտ սարքավորումներով: Ֆլուորոմետրիայի եւ սպեկտրոմետրիայի եղանակով հնարավոր է իրականացնել, ցածրամոլեկուլյար եւ բարձրամոլեկուլյար էնդոգեն մետաբոլիտների, ինչպես նաեւ որոշ դեղամիջոցների քանակական չափում կենսաբանական հեղուկներում:
Ժամանակակից սարքավորումներով հագեցված բջջային կուլտուրաների լաբորատորիայում հնարավոր է իրականացնել կենդանի օրգանիզմից անջատված բջիջների պահպանում եւ աճեցում առաջնային բջջային կուլտուրայի ստացման նպատակով, մարդու սոմատիկ բջիջների տրանսդիֆերենցում եւ վերածրագրավորում, բջջային կուլտուրաների ֆենոտիպավորում: Տվյալ մեթոդները հնարավորություն են տալիս ուսումնասիրել տարբեր բջիջների կենսագործունեությունը ex vivo պայմաններում, հետազոտել տարբեր կենսաբանական ակտիվ նյութերի, ինչպես նաեւ դեղանյութերի ազդեցությունը դրանց վրա, օգտագործել բջիջները որպես կենսաբանական ակտիվ միացությունների սինթեզի պարզ համակարգ եւ կիրառել վերջիններս հետազոտական, թերապեւտիկ եւ այլ նպատակներով:
Գենոմի խմբագրման լաբորատորիայի ժամանակակից տեխնիկական բազայի հիման վրա հնարավոր է իրականացնել բժշկության, էքսպերիմենտալ կենսաբանության, բջջաբանության եւ բիոտեխնոլոգիայի մեջ լայն կիրառում ստացած տարբեր մեթոդներ: Օրինակ՝ բջջի մեջ գենային կոնստրուկցիաների ներմուծմամբ ստանալ տարբեր օգտակար նյութեր սինթեզող բջիջ, գեն մոդիֆիկացված հյուսվածքներ կամ օրգանիզմներ:
Էլեկտրոֆիզիոլոգիայի լաբորատորիայում հնարավոր է ուսումնասիրել ուղեղային հյուսվածքի ակտիվությունը տարածաժամանակային ինտերվալում, ակտիվացնել կամ ճնշել նեյրոնների սպեցիֆիկ խմբեր, ուսումնասիրել վարքային տեղաշարժերը հյուսվածքային ակտվության տարբեր կոնտեքստներում:
Վիրաբուժական լաբորատորիան նախատեսված է կենդանիների վրա վիրաբուժական միջամտությունների իրականացման եւ հետվիրահատական ընթացքի վերահսկման համար։
Ժամանակակից սարքերով հագեցվածությունը հնարավորություն է տալիս իրականացնել կենդանիների տարբեր տեսակի վիրահատական միջամտություններ՝ կարողանալաով վերահսկել կյանքի համար կարեւոր պարամետրերը եւ ապահովել էթիկական սկզբունքներին համապատասխան միջամտություն։
Կենդանանոցում առկա սարքավորումներ
Կենդանիների պահման համար կենդանանոցում նախատեսված է երկու սեկտոր՝ կարանտինային եւ հիմնական: Հատուկ անհատական օդափոխության համակարգի միջոցով կենդանիներին հնարավոր է պահել ինչպես ոչ սպեցիֆիկ, այնպես էլ սպեցիֆիկ պայմաններում, յուրաքանչյուր վանդակի շուրջ 10 պարամետրերի վերահսկման հնարավորությամբ: Կենդանանոցում նախատեսված է առաձին բաժին կենդանիների զննման, ինչպես նաեւ անէսթեզիայի նախնական փուլի իրականացման համար: