«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջափուլով իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլում կայացավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ՈՒՎԼ ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանի գործուղումը Ստոկհոլմ (Շվեդիա):
Գործուղման շրջանակներում պրոֆեսորը հյուրընկալվեց աշխարհի լավագույն 50 և Եվրոպայի լավագույն 10 համալսարանների ցանկում առանձնացող Կարոլինսկա ինստիտուտ (ԿԻ), որը ի թիվս իր հիմնական գործառույթների հայտնի է բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակակիրների ընտրությամբ: ԿԻ-ում նախատեսված էին մի շարք այցելություններ, տարատեսակ հանդիպումներ և քննարկումներ՝ համաձայն ԿԻ ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի բաժանմունքի ավագ հետազոտող, դոցենտ Սուրեն Մկրտչյանի հետ համատեղ ձևավորված օրակարգի:
Կարոլինսկա ինստիտուտ իրականացված այցելությունը կարևորվում է մի շարք հանգամանքներով: Առաջին հերթին այն հնարավորություն էր ծանոթանալու ավելի քան 300-ամյա պատմություն ունեցող համալսարանի հիմնական և հարակից շինությունների կառուցվածքին, ճարտարագիտական մոտեցումներին ու լուծումներին, աշխատանքային գործունեությանը: Այս առումով ուշագրավ է այն փաստը, որ բժշկական կրթության ու հետազոտական ուղղվածությամբ այս համալսարանն իր գիտակրթական կենտրոններով և հետազոտական լաբորատորիաներով դիմակայել է նմանատիպ հաստատությունների առջև դրված արդի մարտահրավերներին և այժմ ներկայանում է որպես աշխարհի առաջատար բժշկական համալսարաններից մեկը: Շրջայցի արդյունավետ կազմակերպման գործում առանձնահատուկ ներդրում ունեցած մեր հայրենակից, ԿԻ առաջատար գիտաշխատող Սուրեն Մկրտչյանը պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ լինել ԵՊԲՀ գործընկերների նախաձեռնությունների կողքին և օժանդակել դրանց իրականացմանը ինչպես հեռահար, այնպես էլ Հայաստան իրականացվելիք այցելությունների ժամանակ:
Այցի շրջանակներում նախատեսված էր ծրագրի ղեկավարի այցը “Biomedicum”` ԿԻ հետազոտությունների «ուժային կենտրոն» հանդիսացող 65 հազար քմ տարածքով նոր գերժամանակակից լաբորատոր մասնաշենք, որի կազմում գործում են 5 հիմնական ստորաբաժանումներ՝ բջջային և մոլեկուլային կենսաբանության, ֆիզիոլոգիայի և դեղագիտության, բժշկական կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի, մանրէաբանության, ուռուցքների և բջջային կենսաբանության, նյարդաբանության բաժանմունքները, շուրջ 26 լաբորատորիա և 11 համատեղ օգտագործման ենթակառուցվածք: “Biomedicum” կատարված ընդհանուր շրջայցը հնարավորություն ընձեռեց պատկերացում կազմել դրա աշխատանքի ընդհանուր կոնցեպտի վերաբերյալ: Այս առումով առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում լուսային մանրադիտարկման և պատկերավորման առաջադեմ տեխնոլոգիաներով ու սարքավորումներով հագեցած իմիջինգի ենթակառուցվածքը, որի գործունեությունը ընդհանուր առմամբ ուղղված է Կարոլինսկա ինստիտուտի իմիջինգային հետազոտությունների արդյունավետ իրականացմանը: Այստեղ շրջայցն իրականացվեց կենտրոնի բջջային և մոլեկուլային կենսաբանության բաժանմունքի առաջատար գիտաշխատող Աննա Կուզնեցովայի ուղեկցությամբ: Վերջինս տեղում ծանոթացրեց կենտրոնի կառուցվածքին, առկա սարքավորումներին, դրանց աշխատանքային առանձնահատկություններին և ընձեռած հնարավորություններին: Շրջայցի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո կազմակերպված քննարկումների ընթացքում «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող Կ. Ենկոյանը Աննա Կուզնեցովային և կենտրոնի աշխատակազմին ներկայացրեց մանրամասներ ՈՒՎԼ դրամաշնորհային ծրագրի, դրա արդյունքում ստեղծվելիք կառուցվածքային միավորի և ձեռք բերվելիք տեխնիկայի, մասնավորապես՝ վիզուալիզացիայի լաբորատորիայի համար առաջնահերթ համարվող մանրադիտակների վերաբերյալ: Արտերկրի գործընկերների կողմից հնչեցին դրական կարծիքներ իրականացվող ծրագրի վերաբերյալ: Մեր կողմից ձեռք բերվելիք հիմնական սարքերի՝ ավտոմատացված կոնֆոկալ և լայն դաշտային մանրադիտակի, ավտոմատացված ուղղահայաց լայն դաշտային և ֆլյուորեսցենտ մանրադիտակի, բիոլյումինեսցենտային և ֆլյուորեսցենտային in vivo պատկերման համակարգի ընտրությունը որակվեց թիրախային ինչպես բազային իմիջինգային լաբորատորիայի ստեղծման, այնպես էլ առավելապես գին-որակ հարաբերակցության և բյուջետային հնարավորությունների տեսանկյունից: Այս համատեքստում հնչեցին նաև արժեքավոր խորհուրդներ սարքավորումների արդյունավետ ներդրման, դրանց հետագա համալրման, լաբորատորիայի որպես մեկ ամբողջական միավոր կայացման և հետագա գործունեության ընդլայնման վերաբերյալ, որոնց իրականացման հիմք են հանդիսանալու դասական ֆլյուրեսցենտային մանրադիտարկման և իրական ժամանակում կենդանի օրգանիզմում իրականացվող բջջային և հյուսվածքային իմիջինգ հետազոտությունների նորագույն ուղղությունները:
Ծրագրի ղեկավարի հաջորդ կանգառը Կարոլինսկա ինստիտուտի մյուս առանցքային ենթակառուցվածքն էր՝ Համեմատական բժշկության բաժանմունքը (Comparative Medicine Unit), որի հիմնական առաքելությունը կենդանիների փորձարարության բոլոր ասպեկտների կառավարումն է: Այս ենթակառուցվածքում է ներառված փորձարարական կենդանիների հիմնական միավորը՝ իր ինը ենթամիավորներով: Մինչ այցի մեկնարկը բաժանմունքի ղեկավար Լոտտա Յոնսոնը համառոտ զեկուցմամբ ներկայացրեց բաժանմունքի ստեղծման նախապատմությունը, դրա ներկայիս կառուցվածքը, մարդկային և նյութական ռեսուրսները, անձնակազմի ընդհանուր գործելակարգը: Հաջորդիվ կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում բաժանմունքի աշխատակիցները հաստատության կողմից սահմանված հատուկ թույլտվությամբ և պայմաններով ապահովեցին ՈՒՎԼ ծրագրի ղեկավարի մուտքը կենդանանոց: Այստեղ Կ. Ենկոյանը մասնագետների ուղեկցությամբ ծանոթացավ կենդանանոցի տեխնիկական հագեցվածությանը, աշխատանքային շղթայի կազմակերպմանը և պահպանման համակարգին, մասնավորապես՝ գործարկվող մուտքի ու ելքի կանոններին, կենդանիների հետ աշխատելու սկզբունքներին, մանրէազերծման բազմաշերտ մեթոդներին, այդ թվում՝ կենդանիների վանդակների մաքրության ապահովման և օժանդակ նյութատեխնիկական բազային պահպանման կանոններին:
Փորձարարական կենդանիների հետ աշխատանքին նվիրված զեկուցումն ու շրջայցը կենդանանոցում հնարավորություն կտան լավարկել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով իրականացված «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված կենդանանոցի պայմանները, ներդնել մանրէազերծման նոր տեխնիկա, ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմաններ:
Գործուղումն առանձնացավ նաև հանդիպումների շարքով, որոնց ընթացքում «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կ. Ենկոյանը ներկայացրեց կենտրոնի նպատակը, դրա շուրջ ուրվագծված հետազոտական ուղղությունները: Այս ձևաչափով քննարկված հարցերն ու առաջարկությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են շոշափելի արդյունքներ տալ ԵՊԲՀ-ի և Կարոլինսկա ինստիտուտի հետազոտողների միջև համագործակցության նոր ուղիների ձևավորման հարցում:
Այցի կայացման հարցում կարևոր դերակատարում ունեցան համանման մասնագիտական հետաքրքրություններ ունեցող գործընկերների հետ իրականացված tete-a-tete զրույցները:
Այսպես, ԿԻ ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի բաժանմունքի առաջատար գիտաշխատող Մարտա Գոմեզ Գալանի հետ քննարկվեց հետազոտական նոր թիրախ՝ կինուրենինի ուղու փոփոխությունները նեյրոզարգացման խանգարումների դեպքում ինչպես կենդանական մոդելներում, այնպես էլ մարդկանց շրջանում: Մասնագիտական զրույցին հաջորդեց ԿԻ ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոֆի Էրհարդի հետ կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների պլանավորումը:
Հաջորդիվ կազմակերպվեց քննարկում ԿԻ տրանսլյացիոն դեղաբանության պրոֆեսոր, Բիոտեխնոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի ենթակառուցվածքի ղեկավար, պրոֆեսոր Ֆոլկեր Լաուշկեի հետ: Այն առավելապես ուղղված էր ուղեղի բջիջների 3D բիոպրինտինգի ուղղությամբ հնարավոր համագործակցությանը:
ԿԻ նոբելյան ասամբլեայի անդամ, ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի բաժանմունքի ֆարմակոգենետիկայի ենթամիավորի ղեկավար, պրոֆեսոր Մագնուս Ինգելման-Սունդբերգի հետ հանդիպումն առանձնահատուկ էր իր ուղղվածությամբ: Այն ներառում էր կրթության և գիտության կառավարման բնույթի հարցեր, միտված էր բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև ատենախոսական աշխատանքների պաշտպանության ընթացակարգերին:
Հաջորդ քննարկումը, որն անցկացվեց բժշկական կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի բաժանմունքի պրոտեոմիկայի ենթակառուցվածքի ղեկավար Ակոս Վեգվարի հետ, նվիրված էր պրոտեոմիկայի և մետաբոլոմիկայի, աստրոցիտների աճի գործընթացներին, միտոքոնդրիալ շնչառությանը, աստրոգլիայի բջջային կուլտուրայի սեկրետներում կոնկրետ սպիտակուցների անջատման և որոշման առանձնահատկություններին:
Կարոլինսկա ինստիտուտի և դրա առանձին միավորների կառուցվածքին և աշխատանքային գործունեությանը տեղում ծանոթանալը մեծապես կնպաստի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում ստեղծվելիք տարածքով փոքր, բայց հետազոտական հավակնոտ նպատակներ հետապնդող կառուցվածքային միավորի՝ ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի արդյունավետ նախագծմանը և գործարկմանը: