ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի նեյրոգիտության լաբորատորիան ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն – 2023» մրցույթի հաղթող է: Ծրագրի բյուջեն 176 մլն ՀՀ դրամ է, տևողությունը՝ 60 ամիս: Այս ընթացքում խումբն իրականացնելու է «Նեյրոնային զարգացման և աճի տեղաշարժերի տրանսլյացիոն հետազոտությունը որպես աուտիզմի սպեկտրի խանգարումների առանցքային պաթոգենետիկ մեխանիզմ» վերնագրով գիտական նախագիծը:
Նախագծի նպատակն է գնահատել աուտիզմի սպեկտրի խանգարումների պայմաններում նեյրոնների և դրանց կապերի խաթարված մեխանիզմները: Հետազոտությունը կօգնի հայտնաբերել յուրատիպ ցուցիչներով աուտիզմի սպեկտրի խանգարումների ենթախմբեր և նրանց նկատմամբ ազդեցության արդյունավետ մեխանիզմներ: Վերջիններս կարող են շահեկանորեն անդրադառնալ բուժման ընտրության վրա։